ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ժամանակի մոռացված ճամփորդը

Ժամանակի մոռացված ճամփորդը
24.10.2008 | 00:00

ՄԵՐ ՕՐԱՑՈՒՅՑԸ
52 տարի առաջ՝ 1956 թվականի հոկտեմբերի 21-ին, Տաշքենդում անցկացված աթլետիկայի համամիութենական մրցումներում երևանցի գնդահրորդ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ Խորհրդային Միության նոր ռեկորդով՝ 17 մ 45 սմ, նվաճեց հաղթողի կոչումը։
1956-ը երևանցի մարզիկի աստեղային տարին էր։ Պատանիների 1952 թ. Խորհրդային Միության չեմպիոնն ու մեծահասակների Հայաստանի ռեկորդակիրը (15 մ 52 սմ), հինգ անգամ դուրս եկավ մեկնարկ և իր ելույթները նշանավորեց երկրի նոր ռեկորդներով։ Մայիս ամսին մասնակցելով հանրապետական սպարտակիադային՝ նա իր համամիութենական ռեկորդը բարելավեց 16 սանտիմետրով, ցույց տալով 17 մ 12 սմ արդյունք։ 1956 թվականը նաև Խորհրդային Միության անդրանիկ սպարտակիադայի տարին էր։ Մրցումներն անցկացվում էին «Բոլորս դեպի Մելբուռնի օլիմպիական խաղեր» կարգախոսով։ Արդեն նախնական մրցումներում Հովսեփյանը երկրի նոր ռեկորդով՝ 17 մ 35 սմ, դուրս եկավ եզրափակիչ, իսկ այստեղ 16 մ 83 սմ-ն էլ բավական էր, որպեսզի հռչակվի սպարտակիադայի և երկրորդ անգամ՝ երկրի չեմպիոն, իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին, մասնակցելով Բուխարեստում անցկացված համաշխարհային ուսանողական խաղերին, 17 մ 40 սմ արդյունքով կրկին կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին։ Ապա հաջորդեցին հոկտեմբերյան հաղթական մեկնարկները։ Հոկտեմբերի 21-ին Տաշքենդում անցկացված մրցումներում ցույց տվեց 17 մ 45 սմ, իսկ ինն օր անց՝ 17 մ 67 սմ։ Սա մրցաշրջանի աշխարհի երրորդ արդյունքն էր, որը նրա առջև բացեց 16-րդ օլիմպիական խաղերի դարպասները։ Ցավոք, Կանաչ մայր ցամաքում, արդեն նախավարժանքի ժամանակ, մրցանակային տեղի գլխավոր հավակնորդներից մեկը վնասվածք ստացավ և վերածվեց հանդիսականի։ Մելբուռնում կրկին հավասարը չունեցան ամերիկացիները։ Աթլետիկայի մրցումներում նրանք նվաճեցին 16 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե մեդալ, իսկ գնդի հրման հատվածում երկրորդ անգամ անընդմեջ չեմպիոն հռչակվեց համաշխարհային աթլետիկայի անվիճելի առաջատարը՝ Պերրի Օ’Բրայենը (18 մ 57 սմ)։
Այստեղ, հավանաբար, միանգամայն տեղին կլինի թերթել այս մրցաձևի համաշխարհային ռեկորդների քայլերը։ 19-րդ դարում աթլետիկական սպորտը սկսեց անհավատալի արագությամբ զարգանալ Մեծ Բրիտանիայում։ Գնդի հրման առաջին ռեկորդը գրանցվեց 1866 թվականին։ Անգլիացի Ֆրեզերը գործիքը հրեց 10 մ 62 սմ։ Արդեն այն ժամանակ 7 կգ 257 գրամանոց գունդը հրում էին տեղում կանգնած, իսկ շատ չանցած մարզիկները շրջանի մեջ նախ մեկ ոտքով ցատկ էին կատարում առաջ և նոր միայն հրում գործիքը։ Մասնավորապես այս նոր ոճով էին գունդը հրում 1904, 1908 թթ. օլիմպիական խաղերի չեմպիոն, ամերիկացի Ռալֆ Ռոուզը և 1912 թվականի հաղթող Պատրիկ Մակ-Դոնալդը։ Հետաքրքիր է, որ 1912 թվականին օլիմպիական մեդալներ խաղարկվեցին նաև «լավագույն» ձեռքով և երկու ձեռքի արդյունքով վարժություններով, որտեղ գրանցվեցին նաև համաշխարհային ռեկորդներ, ինչը հնարավորություն տվեց կատարելագործելու հրման տեխնիկան։ 1950 թ. աշխարհի ռեկորդն արդեն հավասար էր 17 մ 95 սանտիմետրի և պատկանում էր ամերիկացի Ջեյմս Ֆուքսին։ Այս տասնամյակում մշակվեց գործիքը հրելու նոր ոճ։ Հեղինակը Օ’Բրայենն էր։ Նա առաջինն էր, որ մշակեց հրման նոր տեխնիկան և նման ոճով սահմանեց աշխարհի տասը ռեկորդ՝ առաջինն անցնելով 18 և 19 մետրի սահմանագիծը։ Շնորհիվ Օ’Բրայենի այս մրցաձևի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան օգտագործելու առավելագույն կքանիստը, թեքումներն ու պտույտները, որոնք էլ դարձան ժամանակակից գնդի հրման հիմքը։ Այն սկիզբ դրեց նաև ժամանակակից ուժային պատրաստականությանը, քանի որ առանց հզոր և ճկուն մկանային համակարգի հնարավոր չէր հասնել բարձր արդյունքների։
70-ական թվականների սկզբներին խորհրդային մարզիչ Վ. Ալեքսեևը մշակեց նոր, յուրօրինակ ոճ, որն անվանեցին շրջանաձև թափի տարբերակ։ Նրա աշակերտ Ալեքսանդր Բարիշնիկովն այս ձևով 1976 թ. առաջինն աշխարհում անցավ 22 մետրի սահմանագիծը։
Նոր հարյուրամյակի աշխարհի առաջին ռեկորդակիրը դարձավ Ռալֆ Ռոուզը։ Նա 1909 թ. օգոստոսի 21-ին, Սան Ֆրանցիսկոյում գործիքը հրեց 15 մ 54 սմ։ 1913 թ. նորաստեղծ ԻԱԱՖ-ն այս արդյունքը ճանաչեց որպես աշխարհի առաջին պաշտոնական ռեկորդ, որն անգերազանցելի մնաց շուրջ 20 տարի։ 1928 թ. 16 մետր սահմանագիծն առաջինն անցավ գերմանացի Է. Հիրշվելդը (16 մ 04 սմ), վեց տարի անց ամերիկացի Ջոն Թորանսը գործիքը հրեց 17 մետրից հեռու (17 մ 40 սմ)։ 18 և 19 մետրի սահմանագիծն առաջինն անցավ Պերրի Օ’Բրայենը։ 1953-ին նա ցույց տվեց 18, իսկ 1956 թ.՝ 19 մ 06 սմ։ 1960 թ. ՈՒ. Ինդերը հաղթահարեց 20 մետրի սահմանագիծը (20 մ 06 սմ), իսկ հինգ տարի անց մեկ այլ ամերիկացի՝ Ռ. Մաթսոնը, ռեկորդը հասցրեց 21 մ 52 սմ-ի։ Վերջապես 1988 թ. ԳԴՀ-ից ՈՒ. Թիմերմանը սկիզբ դրեց 23-մետրանոց նետումներին (23 մ 06 սմ)։
Այս ամենը, իհարկե, հրաշալի կլիներ, եթե չլիներ մի «եթե». 80-ականների վերելքին հաջորդեց սեուլյան օլիմպիադայի հակադոպինգային ահռելի սկանդալը։ Արդեն 50-ականների կեսերից անաբոլիկ ստերոիդները հաստատուն տեղ գրավեցին սպորտում։ 2000 թվականից ԻԱԱՖ-ը սկսեց ամենայն լրջությամբ անդրադառնալ անաբոլիկներին` ներդնելով ահռելի միջոցներ։ Սիդնեյից սկսեց գործել հակադոպինգային համաշխարհային գործակալությունը...
Այս ամենը, իհարկե, Վարդան Հովսեփյանին չէր վերաբերում։ 50-ականներին Խորհրդային Միությունում ընդհանրապես գաղափար չունեին խթանիչների մասին, այնպես որ երևանցի մարզիկի արդյունքները, որոնք շատ քիչ էին հետ մնում համաշխարհային ռեկորդների ռիթմից, կարող էին պատիվ բերել ցանկացած մարզիկի։
Վ. Հովսեփյանը 17 մետրի սահմանագիծն առաջին անգամ անցավ 1955 թ. երկրի առաջնությունում (17 մ 12 սմ), այնուհետև նա ևս վեց նոր ուղղում մտցրեց երկրի ռեկորդների աղյուսակում։ 1959 թ. նոյեմբերի 22-ին առաջինը խորհրդային աթլետներից անցավ 18 մ-ի սահմանագիծը (18 մ 01 սմ), իսկ ուղիղ մեկ տարի անց այն արդեն հավասար էր 18 մ 88 սմ-ի։ 1961 թ. Վ. Հովսեփյանը երկու ուղղում մտցրեց ծածկած մարզասրահների Եվրոպայի ռեկորդների աղյուսակում։ Հունվար ամսին Գյումրիում անցկացված մրցումներում ցույց տվեց 18 մ 60 սմ, իսկ երկու շաբաթ անց Կիրովականում այն հասցրեց 18 մ 69 սմ-ի։
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների կրկնակի և երկրի քառակի չեմպիոնից բարձր արդյունքներ էին ակնկալում նաև Հռոմի օլիմպիական խաղերում, սակայն այս անգամ էլ վնասվածքը նրան թույլ չտվեց մեկնելու 17-րդ խաղերի մայրաքաղաք։ 1982 թ. համամիութենական սպորտկոմիտեն, թեև ուշացումով, նրան շնորհեց սպորտի վաստակավոր վարպետի բարձր կոչում։ Ցավոք, այսօր հայկական սպորտի պարծանքներից մեկին քչերն են հիշում։ Ավելի ճիշտ, միայն ինքն է իր մասին հիշեցնել տալիս։ Թերթեք աթլետիկայի Հայաստանի ռեկորդների աղյուսակը և այնտեղ դարձյալ կգտնեք «սպորտի թագուհու» մեծագույն ասպետի առայժմ անհասանելի ռեկորդը՝ 18 մ 88 սմ, որը սահմանել է ուղիղ 48 տարի առաջ։ Ո՞վ կլինի նրա հաղթարշավը շարունակողը, դժվար է ասել։ Առայժմ ժամանակը կանգ է առել 1960 թ. նոյեմբերի 28-ի վրա, իսկ այն տեղից շարժող հորիզոնում դեռևս չի երևում։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5090

Մեկնաբանություններ